Վեներաբանություն
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը
Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ը շարունակում է մնալ առողջապահության հիմնական մարտահրավերներից մեկը: Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը:
-2012թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012թ. 11 ամիսների ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 70%: ՄԻԱՎ-ով վարակվածների 56%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (57%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (34%): Ըստ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի, հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
Ընդհանուր առմամբ` վերջին տարիներին նկատվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թվի աճ, որը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հոսքն ԱՊՀ երկրներից: 2009-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների կեսից ավելին վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում և Ուկրաինայում: Միայն ընթացիկ տարվա 11 ամիս-ների ընթացքում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների 60%-ը կազմում են արտերկրում վարակվածները, մոտ 20%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 80% դեպքերում առկա է միգրացիայի գործոնը:
Միգրացիայից բացի երկրում ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող ուրիշ ի՞նչ գործոններ կան:
-ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստում են նաև թմրամիջոցների գործածումը, ոչ անվտանգ սեռական վարքագիծը, բազմաթիվ զուգընկերներ ունենալը, սեռական կյանքին առնչվող հարցերի շուրջ զուգընկերների միջև քննարկումների ընդունված չլինելը, ռիսկային վարքագծի հետևանքների չգիտակցումը կամ անտեսումը, սեփական և զուգընկերոջ առողջության հանդեպ պատասխանատվության բացակայությունը, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մի ստվար հատվածը չգիտի իր կարգավիճակի մասին: Դա պայմանավորված է այն բանով, որ հիվանդությունն ունի երկարատև` 8-10 տարի շարունակվող թաքնված, անախտանշան շրջան, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է, միանգամայն առողջ արտաքինով, չի ունենում հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, հետևաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին և վարակը փոխանցել այլոց: Ահա ինչու չափազանց կարևոր է, որ երբևէ ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ դրսևորած անձինք հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ` անկախ իրենց մոտ առողջական խնդիրների առկայությունից:
Ի՞նչ նշանակություն ունի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը և ովքե՞ր ունեն այդպիսի հետազոտություն անցնելու կարիք:
-ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու հիվանդությունը վաղ շրջանում, նախքան ախտանշանների ի հայտ գալը, ինչը չափազանց կարևոր է ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, հարազատ, մտերիմ մարդկանց չվարակելու, անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխարգելելու համար: Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել հնարավոր վարակման պահից միջինը 3 ամիս հետո, երբ արյան մեջ արդեն առկա են լինում հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ:
ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը կարող են լինել պարտադիր, այցելուի նախաձեռնությամբ և բուժաշխատողի նախաձեռնությամբ: Ըստ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասինե ՀՀ օրենքի` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայա-ցուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառա-յություններ տրամադրող կանայք, հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկ-ներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին:
Ի՞նչ բուժում է տրամադրվում այսօր հիվանդներին, և արդյո՞ք այն հասանելի է բոլորին:
-Առ այսօր ՄԻԱՎ վարակի արմատական բուժում գոյություն չունի: Դեռևս չի ստեղծվել այնպիսի դեղ, որը կարողանար օրգանիզմից լիովին վտարել ՄԻԱՎ-ը: Այդ իսկ պատճառով հիվանդը բուժում պետք է ստանա իր ողջ կյանքի ընթացքում: ՁԻԱՀ-ի կան-խարգելման հանրապետական կենտրոնում, ինչպես ամբողջ աշխարհում, ՄԻԱՎ վարակի բուժման համար կիրառվում են հակառետրովիրուսային դեղեր: Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը: Դրա շնորհիվ այսօր ՄԻԱՎ վարակն անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ հիվանդություն և բուժումն սկսելուց հետո կյանքի տևողությունը կարող է կազմել 35-40 տարի: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ հակառետրովիրուսային բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը, այսինքն՝ այդ բուժումն ունի նաև կանխարգելիչ նշանակություն:
Սկսած 2005թ.-ից ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին տրամադրվում է անվճար հակառետրովիրուսային բուժում: Այն իրականացվում է համաձայն ազգային ուղեցույցների, որոնք կազմվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից եվրոպական տարածաշրջանի համար մշակած կլինիկական ուղեցույցների հիման վրա: Այդ ուղեցույցները պարբերաբար վերանայվում և թարմացվում են գիտության նորագույն նվաճումներին և ԱՀԿ ուղեցույցներին համահունչ դարձնելու նպատակով:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ի՞նչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում, և ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը...
-Դեռևս 2002 թվականից Հայաստանը միացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ընդունված մի շարք միջազգային հռչակագրերի և ՀՀ կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետևողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է տարբեր տարիների համար ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրեր, որոնց շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ: Դրանք համակարգվում են Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից, որի նախագահը ՀՀ առողջապահության նախարարն է:
Հանրապետությունում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության խոցելի խմբերի, այդ թվում քրեակատարողական հիմնարկներում գտնվողների և երիտասարդության շրջանում: Շնորհիվ իրականացված համալիր միջոցառումների, 2007թ.-ից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001թ.-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: Ինստիտուցիոնալացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների վերապատրաստումը. 2009թ.-ից առողջապահության կազմակերպիչների, տարբեր մասնագիտության բժիշկների, միջին բուժանձնակազմի, կլինիկական օրդինատորների համար անցկացվում է «ՄԻԱՎ վարակ» դասընթացը: Էապես բարելավվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող օրենսդրական դաշտը և «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է միջազգային ղեկավարող սկզբունքներին:
Ի՞նչ է անհրաժեշտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հետագա արդյունավետ հակազդումն ապահովելու համար:
-Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: Բուժումը պետք է տրամադրվի հիվանդին ողջ կյանքի ընթացքում, իսկ ցուցում ունեցող բոլոր հիվանդներին բուժման հասանելիությունն ապահովելու համար պետք է ոչ միայն պահպանել դրա ներկայիս ծավալները, այլև տարեցտարի ընդլայնել: ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Կարիք կա ընդլայնելու գործող ծրագրերը` մեծացնելու դրանց աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը, ինչպես նաև ընդլայնելու տրամադրվող ծառայությունների շրջանակը: Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, որոնց հայթայթման ուղղությամբ երկրում կատարվում են որոշակի քայլեր: Այս առումով անգնահատելի է միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը:
Կարդացեք նաև
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...
Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...
Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...
Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն